Հանրագիտարան

Սթիվ Վոզնյակ

"Apple" ընկերության համահիմնադիր, առաջին անհատական համակարգչի հեղինակ Սթիվ Վոզնյակը ծնվել է ինժեների և տնային տնտեսուհու ընտանիքում 1950 թվականի օգոստոսի 11-ին: Նրա հայրը ծագումով ուկրաինացի էր, մայրը`   գերմանացի: Նրանք ԱՄՆ են տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Դպրոցական տարիներից արդեն Վոզնյակը հետաքրքրություն է ցուցաբերել տեխնիկական նորությունների հանդեպ: Ամենից շատ սիրել է կոնստրուկտորներից հավաքել ռադիոհաղորդիչների, հաշվիչ մեքենաների և այլ էլեկտրոնային սարքերի գործող մոդելներ:
 
1976 թվականին Սթիվ Ջոբսի հետ համատեղ հիմնել է "Apple Computer"-ը (այժմ՝ "Apple"): 1970-ականների կեսերին ստեղծել է "Apple I" և "Apple II" համակարգիչները: Վերջինն անհավանական մեծ ճանաչում ձեռք է բերել և ժամանակի ընթացքում դարձել ամենաշատ վաճառք ունեցող անհատական համակարգիչը 1970-ականներին և 1980-ականների սկզբին:
 
"Apple"-ում ակտիվ գործունեությունը դադարեցնելուց հետո Վոզնյակը հիմնել է մի քանի տեխնոլոգիական կազմակերպություններ, ինչպես նաև ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ: Սթիվ Վոզնյակն ունեցել է մի քանի կեղծանուն, օրինակ՝ "The Woz", "Wizard of Woz" և "iWoz": Ըստ որում՝ «WoZ»-ը նաև Վոզնյակի հիմնած "Wheels of Zeus" կազմակերպության կրճատ անվանումն է:
 
Վոզնյակը 4 օրում ստեղծել է "Breakout" խաղի դասական նախատիպը: 2011թ. նոյեմբերի 9-ին Սթիվ Վոզնյակը Երվանդ Զորյանի հետ ժամանել է Հայաստան։ Նոյեմբերի 11-ին Երևանում Սթիվեն Վոզնյակին շնորհվել է ՀՀ նախագահի՝ «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: